Right-click for options

Right-click for options

Right-click for options

‹‹Գույնը կանչում է›› Դիանա Հակոբյան

 

   

Շարժում, արագություն, թեթևություն, անկշռություն... պարամետրեր, որոնք թերևս կարող էին ներհատուկ լինել շարժվող պատկերի, սակայն դրանք բնութագրում են Դիանա Հակոբյանի նոր կտավները: Անասելի արագությամբ ընթացող էլեկտրիկ արդյունաբերական բնանկարները ստիպում են մոռացության մատնել իրենց կտավային պատկանելությունը. որոշակի կապ է ստեղծվում մի քանի մեդիա իրականությունների միջև, և ծնվում է վիդեո և լուսանկարչական տարրերով հանդերձ մի նոր գեղանկարչություն:
   Դիանա Հակոբյանի վիդեո աշխատանքներին հատուկ խաղի տարրը առկա է նաև այս նոր աշխատանքներում, թեև այստեղ այդ խաղն ավելի վերացական բնույթ է կրում. այն այլ իրականության մեջ հայտնվելու ձգտումը, փոխանցումն ու ընկղմումն է: Եթե իր վիդեո աշխատանքների մեծամասնությունը կրում է սուբյեկտիվ /անձնական/ բնույթ, և հեղինակն է ներկա այդ աշխատանքներում և խաղում է իր իսկ ստեղծած խաղերը, որոնք երբեմն էլ սոցիալական բովանդակություն ունեն՝ կապված կանանց խնդիրների հետ, ապա այս պարագայում խաղերը տեղի են տալիս կտրվածությանն ու հեռահարությանը: Սա նոր և ցանկալի աշխարհի ստեղծումն է:
  Մասշտաբայնության հենց այստեսակ փոփոխությունն է, որ ստիպում է ոչ միայն հետևել, այլ նաև ցանկալ տեղափոխվել այդ դյութիչ իրականություն՝ հագեցած անհայտ ապագայի կամ հայտնի, բայց անխոս բաղձալի անցյալի վառ ֆանտաստիկ գույներով:
  Պատկերված կերպարների ‹‹ցատկերի›› և ‹‹անկումների›› թեթևության շնորհիվ այդ կերպարները ներդաշնակորեն միաձուլվում են շրջապատող իրականությանը: Դեռահասների կերպարները, որոնք ձուլվում են բնական կամ արդյունաբերական լանդշաֆտի հետ, ունեն ազատության, խնդության և հեշտության անճառ զգացում: Թվում է՝ հեղինակը ամրացնում է այդ ֆանտաստիկ իրականությունը հենց նրանց ետևում: Այս դեռահասները վերածվում են ազատության խորհդանիշների և ստեղծված իրականության տիրակալների: Երբեմն հեղինակը պատկերում է կերպարի մասնիկ միայն՝ ընդգծելով անդուլ շարժման կարևորությունը:
  Այս կտավները կարելի է անվանել ամենատարբեր տրամադրություններ պատկերելու որոշակի փորձ. դրանց մեջ սողոսկում են երանգներ, ինչպիսիք են միայնությունը, զանազան խոչընդոտների հաղթահարման ձգտումը, մեծ արագությամբ առաջ ընթանալու ցանկությունը, կամ ընդհակառակը՝ ժամանակի կանգնեցումը: Միևնույն ժամանակ նկատվում է գույնի բավականին հանդուգն խաղ, որը կրկին այս կամ այն տրամադրության կամ հոգեվիճակի արտահայտչամիջոց է: Դրամատիկ երանգները, որոնք բնորոշվում են հանդարտությամբ, հատուկ են բնության եթերային պատկերներին գունային գամմայի իրենց մինիմալիստական կիրառությամբ, այնինչ, արդյունաբերական միջավայրը հագեցած է գունային պոռթկումներով, շարժմամբ և արագությամբ: Այսկերպ, ընդհանուր առմամբ կարելի է նկատել մի քանի զուգահեռ աշխարհներ և շերտեր, որոնք պատկերվում են հեղինակի կողմից և գոյություն ունեն և՛ մեր մեջ, և՛ մեզնից անդին: Այդուհանդերձ հեղինակը հատուկ շեշտադրում է ոչ թե այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, այլ այն, որտեղ մենք ցանկանում ենք ապրել, և հաճախ այդ աշխարհը՝ մեր երազներն են, որոնք երբեմն այնքան գայթակղիչ են լինում, որ արթնանալը կարծես դառնում է անհնարին:
  Բոլոր ‹‹ցատկերի›› և ‹‹անկումների›› հետապնդածը մեկն է՝ բերկրանք: Դրանք ստիպում են մոռանալ շրջապատող իրականությունը և ընկղմում են քեզ միանգամայն այլ՝ խնդությամբ լի աշխարհ: Ականատեսն ենք դառնում բացարձակ արվեստի, որն այդպես էլ պոռթկում է դուրս՝ ազատվելով այլևայլ կապանքներից և խոչընդոտներից:

  Եվա Խաչատրյան

 

Right-click options

  • Show All
  • Դիանա Հակոբյան

Right-click on block content for options